ԵՄ-ն մինչ 2020թ. հարևանության քաղաքականությանը կուղղի 15,4 մլրդ եվրո

16:07 • 04.03.15

ԵՄ-ն 2014-2020 թվականներին 15,4 միլիարդ եվրո կծախսի հարևանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն:

 

Եվրոպական հարևանության քաղաքականությունը որոշում է Եվրամիության հարաբերությունները 16 երկրների՝ Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկկոյի, Պաղեստինի, Սիրիայի, Թունիսի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: Ընդ որում՝ այդ ցանկում Պաղեստինի ներառումը չի նշանակում ԵՄ-ի կողմից Պաղեստին պետության ճանաչում:

 

Եվրոպական հարևանության քաղաքականությունը մեկնարկել է 2004 թվականին և վերանայվել 2011 թվականին՝ այսպես կոչված «արաբական գարնան» իրադարձություններից հետո: Ծրագրի նպատակն է աջակցել գործընկերներին ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներում, նպաստել նրանց տնտեսական զարգացմանը և առաջ տանել հասարակության հետ գործընկերությունը միջպետական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ: