Յարոսլավլում աշակերտուհին հարձակում է գործել՝ սմարթֆոնը վերանորոգելու համար գումար հայթայթելու նպատակով

16:25 • 04.03.15

ՌԴ Յարոսլավլ քաղաքում քրեական գործ է հարուցվել 14-ամյա աղջկա դեմ, ով կասկածվում է խանութի վաճառողի վրա զինված հարձակման համար, գրում է rg․ru-ն։

 

Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունից, հանցանքը կատարվել է մարտի 2-ի առավոտյան մթերային խանութում։

 

Մազերով և շարֆով դեմքը ծածկած աղջիկը խնդրել է վաճառողին ցույց տալ պաղպաղակը, երբ վաճառողուհին շրջվել է՝ նա գրպանից հանել է հրազենի նման իրն ու պահանջել կնոջից իրեն հանձնել դրամարկղի ողջ գումարը, որից հետո հարվածել է վաճառողուհու գլխին։

 

Վաճառողուհին հասցրել է սեղմել «տագնապի կոճակը», իսկ աղջիկը, այդպես էլ չստանալով գումարը, դիմել է փախուստի։

 

Ոստիկաններն արագորեն շրջել են քաղաքի դպրոցներով և հայտնաբերել դեռահաս հանցագործին դպրոցներից մեկի 8-րդ դասարանում։ Նա մեկնաբանել է իր արարքը՝ ասելով, որ իրեն գումար էր անհրաժեշտ իր iPhone-ը վերանորոգելու համար։