Տասը ներգաղթյալ է մահացել Իտալիայի ափերին հասնելու փորձի ժամանակ
Իտալիայի առափնյա անվտանգության աշխատակիցները մոտ 1.000 ներգաղթյալի են տեղափոխել երկրի հարավային նավահանգիստներ, տասը մարդ խեղդվել է ծովում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Առափնյա անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ փրկարարական նավերը յոթ փրկարարական գործողության ժամանակ փրկել են 940 մարդու՝ Սիցիլիայից հարավ ընկած հատվածում: Փախստականները եղել են հինգ մոտորանավակներում և երկու խոշոր նավերում: Նավակներից մեկը շուռ է եկել:
Հայտարարության մեջ ասվում է, որ ներգաղթյալների թվում եղել են Սիրիայի, Պաղեստինի, Լիբիայի և Թունիսի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայի փրկարար ծառայությունները փրկել են Լիբիայից մոտ երկու հազար ներգաղթյալի:










