Դաունի համախտանիշով Լեոյի հայ մայրը վերամիավորվում է երեխայի հոր հետ. ԶԼՄ-ներ
Հայ մայրը, ով մեղադրվել էր Դաունի համախտանիշով իր նորածին երեխային լքելու համար, որոշել է, որ ցանկանում է տեղափոխվել Նոր Զելանդիա՝ որդու և նրա հոր հետ լինելու համար, գրում է International Business Time-ը՝ stuff.co.nz նորզելանդական կայքին հղումով։
Ինչպես հաղորդվում է՝ Ռուզան Բադալյանը դիմել է բնակության իրավունքի համար իր ամուսնու՝ Սամուել Ֆորեսթի հետ բաժանվելուց հետո, ով համացանցում կազմակերպված դրամահավաքի միջոցով 636 հազար դոլար է հավաքել:

Փետրվար ամսին զույգը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Ֆորեսթը հայտարարել էր, որ իր կինը լքել է իրեն և երեխային՝ իմանալով, որ նա Դաունի համախտանիշ ունի: Նա նշել էր, որ Բադալյանը վերջնագիր է ներկայացրել՝ նրան առաջարկելով ընտրել իր և երեխայի միջև: Նա այնուհետ համացանցում դիմել էր մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն գումար հայթայթել, որպեսզի կարողանա Լեոյին Հայաստանից տանել իր հայրենի Նոր Զելանդիա:
Այժմ կարծես զույգը լուծել է իրենց միջև առաջացած խնդիրները: Աղբյուրի համաձայն՝ Ֆորեսթը և Բադալյանը որոշել են չստորագրել իրենց ապահարզանի թղթերը: Նրանք կրկին միավորվել են մինչև ապահարզանի գործընթացի ամբողջական ավարտը:
Աղբյուրը նշել է նաև, որ այժմ նրանք ցանկանում են Լեոյին միասին մեծացնել Նոր Զելանդիայում, բայց դա կախված է երկրի իշխանություններից, որոնք պետք է որոշեն, թե արդյոք այդ իմիգրացիան օրինական է, թե ոչ:
Ինչ վերաբերում է դոնորներին, ովքեր գումար են տրամադրել դրամահավաքի ժամանակ, նրանք կարող են պահանջել վերադարձնել գումարը: Այդ մասին ասել է GoFundMe կայքի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուզան Բադալյանին մեղադրանքներ ներկայացրած Սեմուել Ֆորեսթը իրականում ևս չորս երեխա ունի իր նախկին ամուսնությունից: Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապում է նույն համախտանիշով, և հայրը նրան չի տեսել 2011-ից ի վեր:










