Պաշտոնաթող նախագահներին արտոնյալ պայմաններ պետք չէ տալ. Զ. Փոստանջյան

15:34 • 04.03.15

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը երեկվանից հանրության լայն շրջանակներում զայրույթ է հարուցել:


«Որովհետև  հանրությունն իրապես չի ընկալում, որ նա ունեցել է նախագահներ, թեպետ նրանք պաշտոնաթող են, բայց այնուամենայնիվ հանրությունն ասում է, որ անհրաժեշտ չէ պաշտոնաթող նախագահներին տրամադրել թե՛ հատուկ կենսաթոշակ, թե՛ արտոնություն՝ անհատույց աշխատանքային գրասենյակի կամ պաշտպանության  տեսքով»,- ասաց նա:


Փոստանջյանն առանձին-առանձին անդրադարձավ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին, երբ օրինակ՝ առաջին նախագահի ժամանակ փակվեց ՀՅԴ-ն, խոսքի ազատությունը սահմանափակվեց՝ փակվեց Ազատություն ռադիոկայանը:


Նա հիշեց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիները՝ նորից տեղի ունեցան  հարձակումներ քաղաքական  գործիչների նկատմամբ, հարյուրավոր մարդիկ բանտախցերում հայտնվեցին, փակվեց «Ա1պլյուսը»:


«Սրանք այսպիսի նախագահներ են, որոնք չեն ծառայել ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ ներկայացնել են հայ ժողովրդի շահերը:  Հիմա այս մարդկանց ի՞նչ կարիք կա նորից ինչ-որ ձև պատիվ մատուցելու կամ խրախուսելու, ընդհակառակը պետք է ամեն ինչից զրկել այս մարդկանց»,-ասաց նա:


Երրորդ նախագահն էլ, ըստ նրա, նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումները, իր ապագա պաշտոնավարման համար:


Փոստանջյանի խոսքով ավանդույթը դրվեց հենց առաջին նախագահի օրոք, երբ չկար դատական իշխանություն: Նա նկատեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե ինքը թող լինի վերջին զոհը, սակայն «Մարտի 1-ին» տնից դուրս չեկավ, իսկ երբ իրենք ասել էին, թե նրա անվտանգությունը կպաշտպանեն, պատասխանել էր, թե «դա իմ ժողովուրդը չէ, դա ինքնաբուխ հավաք է, ինձ տնից դուրս գալու թույլտվություն չեն տվել»:


«Այդ գիշեր 10 զոհ  եղավ, այն դեպքում, երբ նա գիտեր իր կադրերին, բայց տնից դուրս չեկավ: Ինքը գիտեր, որ Քոչարյանը հրաման է տալու կրակել մարդկանց վրա, շատ լավ իմանալով կարող էր դա կանխել ու դա չի արել»,- ասաց նա, ապա անցավ երկրորդ նախագահին, ով  քննադատում է, տնտեսական վերլուծություններ անում, այն դեպքում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ փոխանցվեց ՌԴ-ին:


«Դուք այսպիսի մարդկա՞նց եք ուզում պատիվ տրամադրել։ Ես հայտնում եմ ոչ միայն իմ կարծիքը, այլ հանրության, մենք չենք ունեցել նախագահի ինստիտուտ, մարդիկ են եղել, որոնք սպասարկել են այս կամ այն խմբի մարդկանց շահերը, սա դժբախտություն է, որի մասին ցավով եմ հայտնել»,- եզրափակեց նա:


Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի սեփական ես-ը փաթաթել հասարակության  զգացումներին և անհատական կարծիքը դարձնել մասսայական: «Ես պարզապես կարող էի զազրախոսությունն ընդհատել, բայց թողեցի մինչև վերջ և ժողովուրդը տեսնում է, ովքեր ինչպիսի հոգեբանությամբ են արտահայտվում»,- նշեց նա: