Ուկրաինան դադարեցնում է Ռուսաստանի հետ սահմանամերձ բնակիչների տեղաշարժի մասին համաձայնագիրը

17:13 • 04.03.15

Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցնում է Ռուսաստանի հետ սահմանամերձ բնակիչների տեղաշարժի մասին համաձայնագիրը: Այդ մասին չորեքշաբթի օրը Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է УНИАН-ը:

 

«Մարտի 16-ից սահմանը հնարավոր կլինի հատել բացառապես միջազգային անցակետերով, որոնք ամբողջությամբ գտնվում են իշխանությունների հսկողության տակ: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոքր անցակետերով սահմանային շարժի մասին համաձայնությունը դադարեցվում է՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է նա:

 

Յացենյուկի խոսքով՝ քաղաքացիների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տեղաշարժի հսկողությունն ազգային անվտանգության հարց է:

 

«Քաղաքացիների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տեղաշարժի հսկողությունը, որոնք, ցավոք, զբոսաշրջության նպատակով չեն այստեղ գալիս, ունեն հետաքրքիր զբոսաշրջային մեքենաներ՝ ռուսական տանկերի տեսքով, և ռուս զինծառայողների տոմսեր»,- ասել է Յացենյուկը:

 

Բացի այդ՝ վարչապետը հանձնարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանը և սահմանապահ ծառայությանը միջոցներ ձեռնարկել այդ որոշումն իրականացնելու համար, իսկ Արտաքին գործերի նախարարությանը՝ տեղեկացնել Ռուսաստանին համաձայնագիրը խզելու մասին: