Adidas-ը ծախսերը կրճատելու նպատակով 200 խանութ կփակի Ռուսաստանում

17:28 • 05.03.15

Աշխարհում սպորտային ապրանքների՝ մեծությամբ երկրորդ արտադրող գերմանական Adidas Group-ը հայտարարել է 2014 թվականի ֆինանսական արդյունքները, գրում է gazeta.ru-ն:

 

Adidas Group-ի գլխավոր տնօրեն Հերբերտ Հայները նշել է, որ Ռուսաստանում ծանր տնտեսական վիճակն անդրադարձել է ընկերության ֆինանսական արդյունքների վրա: Առաջին հերթին՝ Adidas-ը զգացել է բնակչության սպառողական ակտիվության նվազում: Երկրորդ հերթին՝ ընկերությունը կորուստներ է կրել փոխարժեքների տարբերության պատճառով: Տարվա արդյունքներով՝ փոխարժեքի տատանման պատճառով ընկերությունը Ռուսաստանում կորցրել է ավելի քան 550 միլիոն եվրո:

 

Ինչպես լրագրողներին հայտնել է Հայները, ընկերությունը կանցկացնի ցանցի օպտիմալացում. ծախսերի նվազման համար կփակվի կամ ժամանակավորապես կդադարեցվի 200 առևտրային կետերի աշխատանքը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Adidas-ը պատրաստվում է 100 նոր խանութ բացել:

 

Հայները հավելել է նաև, որ ընկերության արտադրանքի գները կբարձրացվեն միայն 10-15 տոկոսով՝ կախված ապրանքի տեսակից, քանի որ ընկերությունը չի ցանկանում կորցնել ռուս հաճախորդների վստահությունը: