Ածելիով զինված տղամարդը հարձակվել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանի վրա (տեսանյութ)

09:02 • 05.03.15

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտը վնասվածքներ է ստացել Սեուլում զինված մարդու հարձակման հետևանքով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով հարավկորեական «Ռենհապ» գործակալությանը:

 

Դեպքը տեղի է ունեցել, երբ Լիպերտը գնալիս է եղել դասախոսության: YTN հեռուստաալիքի տեղեկություններով՝ ածելիով զինված տղամարդը հարձակվել է դեսպանի վրա՝ բացականչելով «Հարավային և Հյուսիսային Կորեաները պետք է միավորվեն»:

 

Լիպերտը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է դեսպանի դեմքի և դաստակների վրա արյուն: Միևնույն ժամանակ YTN-ն նշում է, որ վնասվածքները նրա կյանքին չեն սպառնում:

 

Հանցագործը ձերբակալվել է, նրա ինքնության և շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում: ԶԼՄ-ները նշում են նրա ազգանունը՝ Կիմ:

 

AFP-ի հաղորդմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ԱՄՆ դեսպանի վրա հարձակումն անվանել է Սեուլի և Վաշինգտոնի միջև ռազմական դաշինքը խախտելու փորձ:

 

42-ամյա Լիպերտը Հարավային Կորեայում դեսպան է նշանակվել 2014 թվականին: Նախկինում նա զբաղեցրել է Ասիայի հարցերով ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի օգնականի պաշտոնը: