«Ամերիա»-ն և շոտլանդական ընկերությունը սննդային ծագման հիվանդությունների վերահսկման մեխանիզմներ են առաջարկում
Այսօր Երևանում մեկնարկել է «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով սեմինարը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները` ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը և հետագա գործողությունները:
Սեմինարը «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում էր, որն իրականացվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Ինչպես սեմինարի բացմանը նշել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին սեպտեմբերին և նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը:
«Այն շատ հետաքրքիր ոլորտ է մեզ համար: Մեր վերլուծությունների միջոցով փորձել ենք հասկանալ` ինչ խնդիրներ և ռիսկեր կան և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպեսզի նվազեցնի այդ ռիսկերը: Այս երկօրյա սեմինարի ընթացքում մենք կիրականացնենք նաև համապատասխան պարապմունքներ` վերահսկման մեխանիզմներն առավել հանգամանորեն ներկայացնելու նպատակով»,- ասել է Տ. Ջրբաշյանը:
Ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովի խոսքերով` վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում առավել հաճախ հանդիպում է բրուցելոզ հիվանդությունը:
«Հիվանդացությունը 60-70 տոկոսով ավելի շատ է Հայաստանում գրանցվում, քան ԵՄ երկրներում: Ուստի մշակել ենք բրուցելոզի դեմ պայքարի համապարփակ ծրագիր»,- ասել է նա:
Փորձագետ Ծովինար Մելքոմյանը նշել է, որ վերլուծության ընթացքում նախանշվել են այն խնդիրները, որոնք առկա են գյուղատնտեսության ոլորտում. «Հայաստանում կենդանիների շրջանում առավել տարածված են 4 հիվանդություններ` բրուցելոզ, սիբիրախտ, էխինակոկ և սալմանելյոզ: Նախ պետք է իրականացվեն կենդանիների համարակալման աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի կիրառել համապատասխան կանխարգելման միջոցառումներ Առաջարկվում է նաև ավելացնել սպանդանոցների թիվը, զուգահեռաբար ստեղծելով տվյալների բազա: Այս ամենը կարող է դրականորեն նպաստել կենդանիների վերահսկման գործընթացին»:











