Սիրիայում չափավոր ընդդիմության գոյությունը միֆ է. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունելի է համարում այն ընդդիմությանը, որը գործում է ի պաշտպանություն Սիրիայի և առաջնորդվում է ժողովրդի շահերով ու երկրի ներսում ազդեցություն ունի:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Ասադը հայտարարել է պորտուգալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստային տարբերակը ներկայացրել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
«Հակամարտության կարգավորումը պետք է քաղաքական լինի, սակայն երկխոսել նրանց հետ, որոնք ազդեցություն չունեն իրավիճակի վրա, կլինեն բանակցություններ միայն բանակցելու համար»,- ասել է Սիրիայի առաջնորդը:
Նա նշել է, թե իրենց առջև ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմություններ են, դրանցից ոմանք ներկայացնում են սիրիացիներին, իսկ ոմանք էլ օտարերկրյա կոալիցիային. հենց այդ կոալիցիայի երկրներն էլ ստեղծել են այդ ընդդիմությանը:
«Սիրիական կառավարությունն ընդհանուր մոտեցում ունի որոշ խմբակցությունների հետ, որոնք հրավիրվել էին Մոսկվա: Այդ շփումները ճանապարհ են հարթել երկխոսության համար, և, հնարավոր է, շարունակվեն որոշ ժամանակ»,-ասել է նա:
Ասադի խոսքով՝ այժմ կարևորն արյունահեղությունը դադարեցնելն է, սակայն բաց է մնում հարցը, թե ով է ազդում ահաբեկիչների վրա:
Նրա կարծիքով՝ Սիրիայում «չափավոր ընդդիմության գոյությունը միֆ է»:
«Գրավված տարածքները վերահսկում են «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները, ինչպես նաև նրանց հետ կապ ունեցող ավելի փոքր խմբավորումները»,-ասել է նա:
Բաշար ալ-Ասադը նաև սխալ է համարել այն պնդումները, թե սիրիական պետությունը հայտնվել է անհետացման եզրին:










