Չինաստանն «արտահանում» է իր միլիոնատերերին. Bloomberg

10:38 • 05.03.15

Վերջին տասը տարվա ընթացքում ավելի քան 76 հազար չինացի միլիոնատեր է արտագաղթել երկրից և մեկ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

 

Չինացիների համար արտագաղթի ամենասիրված ուղղությունը շարունակում է մնալ Ավստրալիան: Ավստրալիայում միայն վերջին երկու տարվա ընթացքում այսպես կոչված «ներդրողի վիզայի» համար դիմում է ներկայացրել Չինաստանից մոտ 1.400 մարդ:

 

Չինացի միլիոնատերերը գնում են նաև Արևմուտք՝ Մեծ Բրիտանիա կամ ԱՄՆ ուղղություններով:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ Չինաստանի հարուստ քաղաքացիները՝ ձգտելով ուժեղացնել միջազգային շուկայում իրենց ընկերությունների ներկայությունը, անհրաժեշտ են համարում տեղափոխվել համաշխարհային մայրաքաղաքներ՝ Լոնդոն կամ Նյու Յորք:

 

2014 թվականի առաջին 9 ամիսներին Մեծ Բրիտանիայի ներդրումային վիզայի համար, որը պահանջում է բրիտանական ակտիվներում առնվազն 2 միլիոն ֆունտի չափով ներդրում, դիմել է Չինաստանի ավելի քան 300 քաղաքացի: Այս տեսակի վիզաների դիմումների թվով երկրորդ տեղում է Ռուսաստանը (160 դիմում):