Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Մոսուլի ազատագրման գործողությանը
Թուրքիան կաջակցին Մոսուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքի բանակի գործողությանը, բայց չի պատրաստվում մասնակցել մարտական գործողություններին: Այդ մասին անցած գիշեր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ մեկնելուց առաջ լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում, գրում է ТАСС-ը:
«Թուրքիան չի մասնակցի Իրաքում կամ Սիրիայում ռազմական գործողությունների «թեժ» փուլերին: Մենք կօգնենք Մոսուլին, բայց անմիջականորեն չենք կռվի: Եթե մեզ վրա հարձակում իրականացվի, մենք անմիջապես կպատասխանենք: Մենք դրա հնարավորություններն ունենք»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ Անկարան շատ է կարևորում Իրաքում իրավիճակի կարգավորումը:
«Մենք սերտորեն շփվում ենք Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ և նրանց տարբեր տեսակի օգնություն ենք տրամադրում: Մեզ համար կարևոր է նաև Իրաքի հյուսիսում քրդական շրջանում կայունությունը: Մեր բանակը վարժեցնում է «փեշմերգայի» մարտիկներին: Մոսուլի վերաբերյալ մենք վարում ենք սուննիների և շիաների միջև բախումներ կանխելու քաղաքականություն»,- հայտարարել է Դավութօղլուն:










