Ինտերպոլի մոսկովյան բյուրոն հետախուզում է հայտարարել բնապահպան Սուրեն Ղազարյանի նկատմամբ

11:22 • 05.03.15

Ինտերպոլի մոսկովյան բյուրոն հայազգի բնապահպան Սուրեն Ղազարյանի ձերբակալության մասին հարցում է տարածել միջազգային ցանցում։  

 

Ինչպես հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Պոպկովը, հարցման մեջ նշված են տվյալներ Ղազարյանի և նրա մտերիմ բարեկամների մասին։ Մինչդեռ, Ղազարյանն ունի քաղաքական փախստականի կարգավիճակ, գրում է rosbalt.ru-ն։

 

«Նման գործողություններով կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ գործող իշխանության հակառակորդներին կգտնեն ամբողջ աշխարհում, և թաքնվելն անհնար է»,- հայտարարել է Պոպկովը։

 

Ընդ որում՝ փաստաբանը նշել է, որ Ինտերպոլի կանոնադրությունն «արգելում է հետապնդել քաղաքական փախստականներին»։

 

«Մոսկովյան բյուրոն, կարծում եմ, իրավունք չուներ հարցում տարածել Ղազարյանի մասին»,- ասել է փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ Սուրեն Ղազարյանը և մի խումբ բնապահպան ակտիվիստներ հասարակական ստուգումներ էին անցկացրել Սև ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը: Սակայն նրանց աշխատանքներին խոչընդոտել էին նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահները: