Գագիկ Եգանյանը ներկայացրեց ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների առավելությունները տաջիկների և ուզբեկների համեմատ

15:31 • 05.03.15

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը բացատրեց, թե ինչ առավելություններ ունեն Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները, օրինակ՝ տաջիկների և ուզբեկների համեմատ, ԵՏՄ անդամ դառնալուց հետո:


«ԵՏՄ-ն էապես դյուրացնում է աշխատանքային միգրանտների հետ կապված գործառույթները: Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացին, որպեսզի Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնի, նա պետք է պատենդ ձեռք բերի և քննություն հանձնի ռուսերեն լեզվից: Նա նաև պետք է սահմանադրական կարգի և Ռուսաստանի պատմության քննություն հանձնի, պետք է երեք հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք ներկայացնի, պետք վճարի պետական տուրք»,- ասաց նա:


Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացին նշված բոլոր խնդիրներից ազատված է աշխատատեղ զբաղեցնելիս: «Մեր քաղաքացին և Ռուսաստանի քաղաքացին ունեն հավասար իրավունքներ»,- ասաց Գագիկ Եգանյանը: