Կադիրովը մզկիթում թմրամոլների զանգվածային «բուժում» է կազմակերպել

11:43 • 05.03.15

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը երեկ Ահմաթ Հաջի Կադիրովի անվան կենտրոնական մզկիթում հանդիպել է մոտ 300 երիտասարդ թմրամոլների հետ և կոչ արել նրանց հրաժարվել թմրանյութերի օգտագործումից, գրում է Обозреватель-ը։

 

Հանդիպման ընթացքում Կադիրովը հիշեցրել է, որ Չեչնիայի առաջին նախագահ Ահմաթ Հաջի Կադիրովը թմրանյութերն ու ահաբեկչությունը համարում էր ամենամեծ սպառնալիքը հանրապետության համար։

 

Նա նշել է, որ «ահաբեկչությունը հաջողվել է ամբողջությամբ վերացնել», իսկ թմրամոլների մակարդակով հանրապետությունն ամենավերջին տեղերում է Ռուսաստանում, սակայն թմրամոլներ, նրա կարծիքով, ընդհանրապես չպետք է լինեն։

 

Կադիրովն ընդգծել է, որ վիճակագրությունը վկայում է, որ ամենահեշտ թիրախն ահաբեկիչների համար հենց այն երիտասարդներն են, ովքեր օգտագործում են տարբեր թմրանյութեր։

 

Ներկաներն իմամ Ադամ Շահիդովի ղեկավարությամբ զղջման արարողություն են կատարել և հայտնել, որ այսուհետ չեն օգտագործի թմրանյութեր։ Կադիրովն ասել է, որ եթե նույնիսկ այս երիտասարդների մի մասը պահպանի իր խոսքը, ապա դա մեծ նշանակություն կունենա։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև հոգևորականության, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների առաջնորդներ։