Ընկերությունները պետք է իրենց շահույթի մի փոքր մասից հրաժարվեն, որ ապրանքը լավ ներկայացվի. Կ. Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին՝ համաձայն որի առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ, ընդգծեց, որ ընդհանուր առմամբ նախաձեռնությունը դրական է, պարզապես որոշ պատգամավորներ ամբողջությամբ չեն ընկալել այդ ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը:
«Մեզ մոտ կայացած չէ մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունները, այսինքն` այն առևտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առևտրով, ապրանքի արտահանմամբ, ներկայացմամբ: Դիստրիբյուտորական ցանց չունենք»,- ասաց նա:
Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ ընկերությունները պետք է իրենց շահույթի մի փոքր մասից հրաժարվեն, որ իրենց ապրանքը ավելի լավ ներկայացվի ու իրացվի:
«Կոնցեպտուալ գաղափարական առումով նախաձեռնությունը շատ լավն է և միտված է ապագային: Կարծում եմ, որ մեր պատգամավորների մի մասը, որոնք ամբողջությամբ չեն ընկալում այդ ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, իրենց մոտ կամ մեկնաբանությունների պակաս կա, կամ այդ ինստիտուտի կայացման նկատմամբ որոշակի անհավատություն»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս փուլում կարծում են, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը կարող է որոշակի ֆունկցիաներ վերցնել իր վրա, կապեր հաստատել արդեն գոյություն ունեցող դիստրիբյուտորական ցանցերի հետ՝ ԵՄ-ում, արաբական երկրներում և այլուր:










