Համացանցում են հայտնվել Կիմ Չեն Իրին ցուցադրող արխիվային կադրեր (տեսանյութ)

16:57 • 05.03.15

Հյուսիսային Կորեայի պետական հեռարձակող Կորեական կենտրոնական հեռուստատեսության YouTube-ի ալիքում տեղադրվել են երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հոր՝ Կիմ Չեն Իրին ցուցադրող բացառիկ կադրեր, գրում է The Independent-ը:

 

Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հայրը երևում է HD տեսանյութում՝ Կենտրոնական հեռուստատեսության ստուդիաներում քայլելիս: Ընդհանուր առմամբ YouTube-ի այս ալիքում է տեղադրվել Կիմի յոթ նոր տեսանյութ:

 

NKNews-ի համաձայն՝ Կիմին մինչ 1994 թվականին իշխանության գալը պատկերող այս կադրերը հազվադեպ են, քանի որ արխիվային կադրերի մեծ մասը հասանելի են միայն ստանդարտ որակով:

 

Մոտ մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ կսկսեն հեռարձակել HD-ով: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե քանի քաղաքացի, որոնց մեծ մասն ապրում է չափազանց ծանր պայմաններում և չունի HD հեռուստացույցներ, կշահի ծառայությունից:

 

NK News-ը նաև հարցականի տակ է դնում YouTube-ի ալիքի արժանահավատությունը՝ բացատրելով, որ չնայած կադրերն իրական են, հնարավոր է, որ այդ ալիքն ուղղակիորեն չի վերահսկվում Փհենյանի կողմից: