Դերասան Գուժ Մանուկյանը Ծառուկյանին հարգելով է դարձել կուսակցական, և այժմ երկընտրանքի մեջ է` մնա՞լ, թե՞ դուրս գա ԲՀԿ-ից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, դերասան Գուժ Մանուկյանը երկմտանքի մեջ է՝ դուրս գա՞լ կուսակցության շարքերից, թե՞ ոչ։
«Ես միայն կարող եմ ասել՝ ցավալի է, որ Ծառուկյանը թողեց ԲՀԿ նախագահի պաշտոնը։ Դուրս գալ-չգալու հարցում ապագան ցույց կտա, չգիտեմ։ Բայց այսօր համագումարին կողքիս նստածին ասացի, թե մենք բա ինչո՞ւ համար ենք մնում, եթե Ծառուկյանը գնում է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Գուժ Մանուկյանն անկեղծանում է, որ Գագիկ Ծառուկյանին հարգելով է դարձել կուսակցական։ «ԲՀԿ եմ մտել միայն Գագիկ Ծառուկյանի խնդրանքով։ Որ ասեմ՝ շատ որոշումներում եմ խառնվել՝ սխալ կլինի, մանավանդ տարիքային հարց կա, պարոն Ծառուկյանը չէր անհանգստացնում, նույնիսկ խորհրդի աշխատանքներում ինձ չեն էլ անհանգստացրել»,-ասաց նա։
Դերասանը նկատեց, թե ԲՀԿ-ից նման արտահոսքը նորմալ է. «Դե՝ լքում են այն պատճառով, որ ում բերել էր Գագիկ Ծառուկյանն իր հետ, նրանք էլ թողնում, հեռանում են»։
Իսկ թե նոր կին նախագահի դեպքում ինչ հեռանկարներ է տեսնում, Գուժ Մանուկյանը նշեց. «Ոչինչ չեմ կարող ասել, ապագան ցույց կտա՝ նախագահի պաշտոնում ինչպես կդրսևորի իրեն Նաիրա Զոհրաբյանը»։










