Նավթը թանկանում է՝ Իրանից և Սաուդյան Արաբիայից հաղորդագրությունների ֆոնին

10:03 • 05.03.15

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը դրական դինամիկա են ցույց տալիս՝ Իրանից և Սաուդյան Արաբիայից նորությունների ֆոնին: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, գրում է ria.ru-ն:

 

Ժամը 08:17-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ մինչև բարելի համար 60,56 դոլար: WTI ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ավելացել է 0,47 տոկոսով՝ հասնելով բարելի համար 51,77 դոլարի:

 

Չորեքշաբթի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Թեհրանի դեսպան Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հարցով ցանկացած համաձայնության շարունակականության վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս տեղեկությունը հանգեցրել է «սև ոսկու» գների աճի:

 

Նավթի գների աճին է նպաստել նաև Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի հայտարարությունները, որ նա արել է Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս նավթի առաջարկն ու պահանջարկը կհավասարակշռվեն: