Վալերի Պերմյակովին դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. Интерфакс

10:47 • 05.03.15

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի։

 

«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթ անց»,- նշել է աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջության վիճակը և հայտնեն ախտորոշումը։ 

 

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են լուրերի վրա։ Փորձաքննության տվյալները դեռ չկան»,- նշել է աղբյուրը։

 

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ»։

 

Նա հերքել է ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե ռուսական կողմը չի ցանկանում օպերատիվորեն հետաքննել Պերմյակովի գործը և հասցնել այն մինչև դատարան։

 

«Չկա ոչ մի քաշքշուկ հետաքննության ընթացքում։ Բոլոր քննչական գործողություններն անցկացվում են ժամանակին»,- նշել է աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
 

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: