ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Մարտի 5-ին ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-սլովակական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրիպուտենն ասել է, որ Սլովակիայում նույնպես մեծ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր` Հայաստանի և Սլովակիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-սլովակական հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունը և նախատեսվող համատեղ ծրագրերը:










