Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է. Սերյան Օհանյան
Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երկրապահ կամավորական միությունը` ի հիշատակ Սպարապետի, երթով այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի ունեցավ երիտասարդների երդման արարողություն:
Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում կարևորեց Սպարապետի դերը՝ ինչպես պետականության կայացման, այնպես էլ բանակաշինության գործում: Նա նշեց, որ սպարապետի երազանքն է եղել կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը նա հիմա ղեկավարում է:
Հարցին, թե ինչ պաշտոն կստանար այսօր Սպարապետը, եթե ողջ լիներ, նախարարը պատասխանեց, որ կանխագուշակումով չի զբաղվում:
«Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում է միջազգային երաշխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, ինչը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ի դեպ, նախարարը նկատեց, որ թեև սահմանին լարված իրավիճակ է, սակայն հայկական բանակը ցանկացած պահի արթուն է:










