Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում

12:01 • 05.03.15

Մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաև բակային տարածքներում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ: Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել:

Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ և շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաև  տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն,  ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել   տնօրինած կառույցներին հարակից տարածքները:


Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների և համատիրությունների ուժերով  ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապարհներում: Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում  են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաև օրվա երկրորդ կեսին: