Մենք հիմա ձևավորում ենք նոր իրավիճակին համահունչ քաղաքական օրակարգ. Ստեփան Մարգարյան

17:33 • 05.03.15

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից բոլորովին էլ ընկրկելով չի դուրս եկել։


«Իսկ ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ընկրկելով է դուրս եկել քաղաքականությունից, ինքը նման բան ասե՞լ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։


Իսկ թե ամեն դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը նման որոշում կայացրեց, Ստեփան Մարգարյանը չպատասխանեց՝ հղում անելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։


«Պարոն Ծառուկյանն ամեն ինչ ասել է, ավելին չեմ կարող ասել, քան ինքն է ասել»,- նշեց նա:


Հարցին, թե «Հայ ազգային կոնգրես»-ի հետ շարունակելո՞ւ են համագործակցել թե ոչ, Ստեփան Մարգարյանը նշեց. «Մենք հիմա ձևավորում ենք նոր իրավիճակին համահունչ քաղաքական օրակարգ, ամեն ինչ կասենք վաղը մյուս օրը, մեզ թողեք աշխատենք՝ մարսենք»։


Իսկ թե ԲՀԿ-ից նոր դուրս եկողներ դեռ կլինե՞ն, ԲՀԿ պատգամավորը նշեց. «Կապրենք կտեսնենք»։