Մեզ մտահոգում է շփման գծում լարվածությունը. Բաքվում ԱՄՆ դեսպան

11:59 • 05.03.15

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հետ, որի ընթացքում խոսել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դեսպանը նշել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ջանքեր է ներդնում խնդրի խաղաղ կարգավորման համար։

 

«Մեզ անհանգստացնում է վերջին շրջանում շփման գծում առկա լարվածությունը: Կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի բարդացման: Մենք մեր հերթին փորձում ենք առաջ տանել խնդրի կարգավորման գործընթացը՝ աշխատելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»,- ասել է նա:

 

Դեսպանը նշել է, որ հակամարտության պատճառով տուժած մարդկանց օգնելու համար 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունն Ադրբեջանին 115 մլն դոլարի հումանիտար օգնություն է ուղարկել:

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: