Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ԵԿՄ-ն այցելեց սպարապետի հայրական տուն, ապա՝ Եռաբլուր

12:38 • 05.03.15

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր վաղ առավոտից ԵԿՄ-ն, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն միջոցառումներ է անցկացնում. այցելություն սպարապետի հայրական տուն, շրջայց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և այլն։


ԵԿՄ-ն շնորհավորեց նաև Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին, ով հույս հայտնեց, որ Վազգենի երազած երկիրը անպայման մի օր կունենանք։ «Այդքան արյուն, զոհեր տվեցինք,  ամեն ինչ տվեցինք հայրենիքի համար։ Միասնական պետք է լինենք»,- ասաց Գրետա մայրիկը։ Մանվել Գրիգորյանը հավելեց. «Անկախությանը տեր կանենք, ուրիշ ոչ մի բան»։ 


Այնուհետև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ  այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին: Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանից բացի Եռաբլուրում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլք։ 


«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում է միջազգային երաշխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- ասաց  նախարար Սեյրան Օհանյանը։


Նախարարը խոսելով սահմանին լարված իրավիճակի մասին, նշեց, որ բանակը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ հակառակորդին։ 


Ի դեպ, Եռաբլուրից հետո նախատեսվում է «Պատանի երկրապահ» կառույցի 10.000 սաների երդման արարողություն, ելույթներ, շնորհավորանքի խոսքեր, պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ,, որից հետո շարքային քայլքով երթ կլինի դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր։