Պարզ թվացող մարդ էր Վազգեն Սարգսյանը, բայց նաև շատ բարդ խորք ուներ. գրչակից ընկերներ

13:13 • 05.03.15

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56 ամյակի կապակցությամբ նրա գրչակից ընկերները՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հուշեր ներկայացրին գրող Վազգեն Սարգսյանից:


«Շատ ժպտուն և դրական ցոլքեր արձակող երիտասարդ էր Վազգենը: Մարդիկ կան, որոնք դառնում են սիրելի, մարդիկ կան, որոնք դառնում են հարգելի, իսկ ոմանք էլ սովորական մարդիկ են: Վազգենը գրավիչ մարդ էր: Իր բնավորությամբ եզակի մարդ էր: Որպես գրող նա փայլուն գրող էր»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:


Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը պարզ թվացող մարդ էր, բայց նաև շատ բարդ խորք ուներ, որ պետք է ընդունվեր: «Գնալով Վազգենը պահանջվելու է որպես մտածող, որպես զորավար և որպես այս ժամանակաշրջանի ամենապահանջված մարդ»,- եզրափակեց գրողների միության նախագահը:


Կարինե Խոդիկյանն էլ իր հերթին ասաց, թե «Գարուն» ամսագիրը տպագրել է Վազգենի լավագույն հրապարակախոսական հոդվածները:


«Ինչպես ռևերանսներ չէր անում կյանքում, նույնը գրականության մեջ էր, ինչպես ձևեր չէր թափում կյանքում, նույնը գրականության մեջ էր»,- Վազգեն Սարգսյանին այսպես բնութագրեց նրա գրչակից ընկերը:


Շարունակելով հուշեր ներկայացնել հոբելյարից, Կարինե Խոդիկյանը պատմեց. «90-ականներին լուր տարածվեց, որ Վազգենը մահացել է: Այն ժամանակ բջջային հեռախոս չկար: Ինքը մի մեծ ռադիոհեռախոս ուներ, զանգեցի, և ըստ երևույթին մի հազար հոգի արդեն զանգել էր, միանգամից ասաց. «Սաղ եմ, սաղ եմ, ձեզ ըտենց բախտ որտեղից»:


Կարինե Խոդիկյանի բնութագրմամբ՝ «գրական աշխատանքը խմբագրությունում կաթվածահար վիճակում էր, քանի դեռ Վազգեն Սարգսյանը խմբագրությունում էր»: «Գնալուց առաջ դասավորած թղթերը մի հատ էլ խառնում, նոր գնում էր»,- հիշեց տիկին Խոդիկյանը: