Վրաստանը մտահոգված է Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուսական զորավարժություններով

09:14 • 06.03.15

Վրաստանի արտգործնախարարությունն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայում և Աբխազիայում անցկացվող զորավարժություններով, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցում է 2.000 զինծառայող և ավելի քան 500 միավոր տեխնիկա:

 

«Արտգործնախարարությունն իր խոր անհանգստությունն է հայտնում և Ռուսաստանին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորություններն ու դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից և դադարեցնել վրացական շրջանների օկուպացիան»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի հարավում ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում է ավելի քան 2.000 զինծառայող: Դրանք տեղի են ունենում 12 ռազմական զորավարժարաններում, որոնք տեղակայված են Հարավային, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի դաշնային շրջաններում, ինչպես նաև Հայաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի ռուսական ռազմաբազաներում: