«Իսլամական պետության» շարքերում Գերմանիայից մեկնած շուրջ 650 զինյալ կա. երկրի ՆԳՆ

09:38 • 06.03.15

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկություններ ունի, որ շուրջ 650 ծայրահեղ իսլամիստներ Գերմանիայի տարածքից մեկնել են Սիրիա և Իրաք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:

 

Նրա խոսքով՝ ներկայում հայտնի է Գերմանիայից մեկնած 650 ջիհադականի մասին:

 

«Հստակ տեղեկություններ կան նաև ավելի քան 1.000 անձանց մասին, որոնք ազգային անվտանգության համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում»,-նշել է նախարարը:

 

2014 թվականին ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Գերմանիայից ԻՊ զինյալներին աջակցելու համար Մերձավոր Արևելք է մեկնել ավելի քան 550 մարդ: Հենց այդ ժամանակ էլ Մեզյերը հաղորդել էր, որ գերմանական իշխանությունները զգուշանում են, քանի որ ծայրահեղականները վերադառնալուց հետո հնարավոր է՝ ահաբեկչական գործողություններ իրականացնեն: