Ամերիկացիները 2014-ին ընտանի կենդանիների համար 58 մլրդ դոլար են ծախսել

10:22 • 06.03.15

ԱՄՆ բնակիչները 2014 թվականին ընտանի կենդանիների համար 58 միլիարդ դոլար են ծախսել, ինչը 4,2 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ: Այդ տվյալներն է ներկայացրել Կենդանիների համար ապրանքներ արտադրողների ամերիկյան ասոցիացիան, գրում է lenta.ru-ն:

 

Ծախսերի մեծ մասը կապված է կենդանիների կերի հետ. 2014 թվականին դրա վրա ծախսվել է 22 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է անասնաբուժական ծառայությունը (15 միլիարդ): Ընդ որում՝ կենդանիների տերերը հաճախ ծախսում են ոչ թե կենսական անհրաժեշտ բժշկական գործընթացների, այլ էկզոտիկ գործընթացների վրա, ինչպես պլաստիկ վիրաբուժությունը:

 

Երրորդ տեղում են կենդանիների համար տարբեր ապրանքների համար ծախսերը, այդ թվում՝ վզկապներ, տարաներ և տարբեր դեղեր (14 միլիարդ դոլար): Եվս 4,8 միլիարդ ծախսվում է վարսահարդարների, հյուրանոցների, կենդանիներին ման տալու և հետևելու համար մասնագետների համար:

 

Կենդանիներ ձեռք բերելու համար ծախսվում է 2,15 միլիարդ դոլար: Ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է 397 միլիոն ընտանի կենդանի, նրանցից 96 միլիոնը՝ կատու, 80 միլիոնը՝ շուն: