ԱՄՆ ռազմական դատարանը Wikileaks-ի իրազեկիչ Մենինգին կին է ճանաչել

09:53 • 06.03.15

Վաշինգտոնում ռազմական վերաքննիչ դատարանը հետախուզության նախկին շարքային Բրեդլի Մենինգին կին է ճանաչել, գրում է lenta.ru-ն:

 

Մեկ տարի առաջ դատարանը նրան թույլ էր տվել վերցնել Չելսի Էլիզաբեթ կանացի անունը, իսկ մեկ ամիս առաջ թույլ է տվել սեռափոխության հորմոնալ թերապիայի կուրս անցնել:

 

Այս անգամ դատավորը որոշել է, որ Մենինգի մասին ցանկացած նամակագրության մեջ անհրաժեշտ է նրա մասին խոսել՝ օգտագործելով սեռական ինքնության տեսակետից չեզոք լեզու (օրինակ՝ ԱՄՆ բանակի շարքային Մենինգ), կամ իգական դերանուններ:

 

Մենինգը ձերբակալվել է 2010 թվականի մայիսին Իրաքում ծառայության ժամանակ: Նա խոստովանել է, որ համագործակցել է Wikileaks սկանդալային կայքի հետ և մոտ 700 հազար գաղտնի փաստաթուղթ փոխանցել, որոնք վերաբերում են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություններին:

 

Մենինգի կողմից կազմակերպությանը փոխանցված տեղեկություններն ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենախոշոր արտահոսք են ճանաչվել:

 

2013 թվականի օգոստոսին շարքայինը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման և իր պատիժը կրում է Ֆորտ-Լիվենվորտ ռազմական բանտում: