Գրոզնիում մահացել է Նեմցովի սպանության մեջ կասկածվողը
Գրոզնիում մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ Գրոզնիում ձերբակալել են տղամարդու, ով դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Այնուհետև նա ոստիկանության ուղղությամբ նռնակ է նետել, որի հետևանքով տուժել է միայն ինքը։
«Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Գրոզնիի բնակիչը, ում կասկածում էին սպանության մեջ, արգելափակվել է բազմահարկ շենքերից մեկի բնակարանում: Ոստիկաններին հանձնվելու պահանջին պատասխան նա նրանց ուղղությամբ ձեռքի նռնակ է նետել»,- պատմել է աղբյուրը:
Պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ և տեղում մահացել է: Նշվում է, որ նրանից բացի այլ մարդիկ չեն վիրավորվել:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բորիս Նեմցովի սպանության մեջ ներգրավվածության կասկածանքով ևս երկու մարդ է ձերբակալվել։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում:










