Գարնանը սրվում է ճնշման բարձրացման նախատրամադրվածություն ունեցողների խնդիրը. սրտաբան
Գարնան գալուն պես հիպերտոնիկ հիվանդություն ունեցողների մոտ ավելի են սրվում սրտանոթային համակարգի խնդիրները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սրտաբան Միքայել Ադամյանը:
«Եթե մարդիկ ունեն ճնշման բարձրացման նախատրամադրվածություն, իրենց մոտ բավական սրվում է այդ խնդիրը, և այդ պացիենտների մոտ նկատվում են ճնշման կտրուկ տատանումներ»,- ասաց սրտաբանը:
Ինչ վերաբերում է սրտի իշեմիկ հիվանդությանը, ապա այդ հիվանդների մոտ տարբեր պատճառներով բավական շատանում են սրացումները, ընդհուպ մինչև սրտամկանային ինֆարկտները:
«Դրանով էլ պայմանավորված է սեզոնային ինֆարկտի քանակի ավելացումը»,- նկատեց Միքայել Ադամյանը:
Սրտաբանն ասաց նաև, որ սրտային անբավարարությունները նույնպես շատանում են գարնանը, դրա համար տարբեր պատճառներ կան, բայց ճնշման տատանումները դրանց հիմնական պատճառներն են, որոնք խորացնում են այդ խնդիրները:
Որպես խորհուրդ սրտաբանն ասաց, թե ամենաճիշտն այն է, որ հիվանդները գտնվեն իրենց բժշկի հսկողության տակ, դեղորայքն օգտագործեն, ֆիզիկապես ավելի ակտիվ լինեն, և որ շատ կարևոր է՝ պաշտպանեն սննդակարգը:










