Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել
Հետաքննությունը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ներգրավված հինգ կասկածյալներից երկուսին: Այդ մասին ria.ru-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
«Երեքը դեռ մնում են կասկածյալի կարգավիճակում»,- ասել է նա:
Ֆադեևան հստակեցրել է, որ մեղադրանք է առաջադրվել Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին: Մեղադրանքի հոդվածները դեռ չեն նշվում:
Նախկինում ՌԴ կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած, իսկ այնուհետև ընդդիմության առաջնորդներից մեկը դարձած Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ի երեկոյան:
Հետաքննությունը դիտարկում է հանցագործության մի քանի վարկած՝ ներառյալ պատվիրված սպանություն:
Այդ գործով Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին բերման ենթարկելու մասին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է շաբաթ օրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գրոզնիում մահացել է Նեմցովի սպանության գործով կասկածյալներից մեկը, ով փորձելով դիմադրություն ցույց տալ ոստիկաններին՝ պայթել է իր նետած նռնակից:










