Լեդի Գագան, Բեյոնսեն և այլ հայտնիներ կոչ են արել Մերկելին բարձրացնել կանանց իրավունքների հարցը
Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը, Facebook-ի ծառայությունների հարցերով գլխավոր տնօրեն Շերիլ Սենդբերգը և ևս 32 հայտնի կանայք բաց նամակ են ուղարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով բարձրաձայնել կանանց իրավունքների մասին:
Կիրակի օրը՝ մարտի 8-ին Գերմանիայի ղեկավարին ուղղված դիմումը հրապարակել է Welt am Sonntag թերթը, գրում է korrespondent.net-ը:
Մարտի 8-ին նշվող կանանց միջազգային օրվա կապակցությամբ նրանք կոչ են արել կանցլերին կանանց իրավունքների բարելավման հարցը դնել «Մեծ ութնյակում» գերմանական նախագահության ժամանակ:
«Աղքատությունը սեքսիզմի դրսևորումներից է»,- նշված է նամակում: Կանայք ամենից շատ տանջվում են իրավական անկայունությունից, առողջապահության և կրթության համաշխարհային համակարգում վատ պայմաններից:
Ամռանը Միացյալ ազգերի կազմակերպությունը պատրաստվում է ընդունել նոր՝ մինչև 2030 թվականը նախատեսվող զարգացման ծրագիր: «Սա պատմական տարի է»,- նշում են նամակի հեղինակները:










