Զամբիայի նախագահն ուշագնաց է եղել Մարտի 8-ի տոնակատարությանը
Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն ուշագնաց է եղել երկրի մայրաքաղաք Լուսակայում` Կանանց միջազգային օրվա առթիվ տոնակատարության արարողության ժամանակ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Agence France-Presse-ին հղումով, երկրի ղեկավարը վայր է ընկել այն արարողության հյուրերին ողջունելու 20 րոպե տևած ելույթից հետո: Նախագահին տեղափոխել են զինվորական հիվանդանոց:
Նախագահի մոտ մալարիա են ախտորոշել, սակայն անհանգստության որևէ պատճառ չկա, ինչպես ասվում է ավելի ուշ մամլո ծառայության տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զամբիայի նախագահը հիվանդ է շաքարախտով:
Լունգուն նախագահի պաշտոնում ընտրվել է 2015-ի հունվարին կայացած արտահերթ ընտրություններում, որոնք կազմակերպվել էին Զամբիայի նախկին նախագահի հանկարծամահ լինելուց հետո:










