Նեմցովի սպանության համար կասկածվող Դադաևը հայտնել է, որ գործչին սպանել են իսլամը քննադատելու համար. ԶԼՄ-ներ
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը պատմել է՝ ինչու է սպանվել քաղաքական գործիչը, հայտնում է rosbalt.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Աղբյուրը նշում է, որ Դադաևը հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին բացասական արտահայտվելու համար։
«Դադաևը գրեթե խոստովանել է այդ հանցագործության կազմակերպման մասին, այդ պատճառով էլ որևէ աղմկահարույց բացահայտում և ձերբակալություն հետաքննության շրջանակում չի լինի»,- նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Զաուր Դադաևը, ով Նեմցովի սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, խոստովանական ցուցմունք է տվել:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։










