Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հավատում Ուկրաինայի հարցում Պուտինի «բարի կամքի գործողությանը»

10:33 • 09.03.15

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը թերահավատորեն է վերաբերում որոշ եվրոպացի առաջնորդների հույսերին, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունները հնարավոր է լուծել առանց պատժամիջոցների կիրառման: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

 

Տուսկի խոսքով՝ այժմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունման հարցով եվրոպական քաղաքական գործիչների շրջանում միասնության հասնել հնարավոր չէ:

 

«Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ պատրաստ են հավատալ, որ գոյություն ունի Պուտինի կամ Ռուսաստանի կողմից «բարի կամքի գործողության» հնարավորություն։ Ես թերահավատորեն եմ տրամադրված: Հարկավոր են մշտական ջանքեր, որպեսզի հնարավոր լինի դիմադրել եվրոպացի առաջնորդներին բաժանելու ուղղությամբ Ռուսաստանի ջանքերին»,- ասել է նա:

 

Տուսկը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիվանագիտությունը չի բերել հակամարտության լուծման, սակայն ստեղծել է «իրավիճակ, որն ավելի լավն է, քան նախկինում»: Սակայն, ինչպես ընդգծում է Եվրախորհրդի ղեկավարը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են Դոնբասում անջատողականների կողմից ակտիվությունը դադարեցնելու համար:

 

Հիշեցնենք, որ փետրվարին Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից Ուկրաինայում կրակը դադարեցնելու մասին: