Պուտինն ու էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» նախագիծը

08:51 • 18.03.15

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը՝ ներառյալ «Թուրքական հոսքը», հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը,  հեռախոսազրույցը կայացել է թուրքական  կողմի նախաձեռնությամբ:

 

«Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներ, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի ընթացքում ընդունված կարևոր որոշումների իրագործումը, այդ թվում՝ «Թուրքական հոսքը»»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Պուտինը 2014թ.-ի դեկտեմբերի 1-ին պետական այցով մեկնել էր Անկարա, որտեղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը՝ ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար, ինչի պատճառը Եվրամիության ապակառուցողական դիրքորոշումն է: