ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին խնդիր է, որը պետք է լուծում ստանա. ՀՀ Նախագահ
«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա։
Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ԽՍՀՄ ռեժիմից ի վեր ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։
«Այս ընթացքում ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք որևէ այլ երկրից չենք ստացել Ռուսաստանից ստացած օժանդակության նույիսկ մեկ տոկսը, այնպես որ՝ երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Բայց ինչպես հայերն են ասում՝ բոլոր երնեկները մի տեղ չեն լինում, ուստի այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետև տևական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ, և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մյուս կողմից՝ Նախագահ Սարգսյանը նշեց, թե այսօր Ադրբեջանը չունի այն ռազմական հնարավորությունը, որ նրան թույլ կտա խնդիրը լուծել ռազմական ճանապարահով, չնայած նրան, որ հսկայական միջոցներ է ծախսում զենքի և զինամթերքի վրա։
«Ես խորապես համոզված եմ՝ եթե ինչ-որ մի պահի Ադրբեջանի ղեկավարությունը համոզված լիներ, որ խնդիրը կլուծի ռազմական ճանապարհով, նա միանգամից ձեռնամուխ կլիներ դրան։
Այսօր, այդ թվում նաև՝ հայ ռուսական համագործակցության շնորհիվ մեր բանակը, ինչպես նաև՝ ԼՂՀ պաշտպանության բանակն, ընդունակ են և պատրասատ դիմակայել ցանկացած ոտնձգության»,-ասաց նա։










