Ադրբեջանը զինվում է, բայց մեր ՕԳԳ-ն ու դիրքերը ռազմավարական առումով ավելի լավն են. ռազմական փորձագետ

21:01 • 19.03.15

Ադրբեջանի սպառազինությունները ոչ մի կապ չունեն մեզ հետ, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մենք՝ մեր, և կարիք չկա իրենց հետևից ընկնել, մանավանդ, որ հայկական զինուժի ՕԳԳ-ն ավելի բարձր է, հայկական դիրքերը՝ ռազմավարական տեսանկյունից ավելի լավը։


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով աշխարհի մի շարք երկրների սպառազինությունների վերաբերյալ՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի` SIPRI-ի հրապարակած հերթական տարեկան զեկույցում տեղ գտած տվյալներին, ըստ որոնց` վերջին 9 տարիներին Ադրբեջանն իր սպառազինությունների ներկրման ծավալներն ավելացրել է 250 տոկոսով:


«Այն, որ իրենք շատ են զենք ներկրում, դա մտահոգիչ է, առավել ևս, որ դրանց հիմնական մասը գնում են Ռուսաստանից, բայց այսօրվա դրությամբ Հայաստանն այնուամենայնիվ ունակ է իր առջև ծառացած ռազմական խնդիրները լուծելու: Այսինքն, եթե հակառակորդը գնել է 100 տանկ, պարտադիր չէ, որ մենք էլ 100 հատ տանկ գնենք, այլ կարող ենք գնել 100-200 հակատանկային հրթիռ, ինչը հարյուր անգամ էժան է»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ կա ՕԳԳ-ի հարց:


Հիշեցնենք, որ այս ըստ այս զեկույցի՝ վերջին 9 տարիներին Ադրբեջանը սպառազինությունների ներկրման ծավալները ավելացրել է շուրջ 250 տոկոսով և զենքի և զինամթերքի համաշխարհային շուկայի ուսումնասիրություններով զբաղվող ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները նշում են, որ Եվրոպայում զենքի ներկրումների ընդհանուր ծավալի 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին:


Այս ցուցանիշով Ադրբեջանը ողջ մայրցամաքում զիջում է միայն Մեծ Բրիտանիային, այն էլ՝ աննշան:

Կարեն Վրթանեսյանը վերը նշվածին հավելեց նաև, որ շփման գծում հայկական դիրքերը ռազմավարական առումով մեծ մասամբ շատ ավելի շահավետ են:


«Հնարավոր ռազմական գործողությունների դեպքում որոշ շրջաններում մենք առավելություններ ունենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի քիչ ծախսերով ապահովել անվտանգությունը»,–ասաց նա։


Հայտնի է, որ սպառազինությունների մրցավազքը  խրախուսելի երևույթ չէ. ի պատասխան հարցի, թե աշխարհում կա՞ ընդունված պրակտիկա` վտանգավոր սահմանագծի հասնելու դեպքում պարտադրել ինչ-որ երկրի դադարեցնել զենքի գնումները, ռազմական փորձագետը նշեց, որ իրականում չկա:


«Իհարկե, եթե ամբողջ աշխարհը որոշի Ադրբեջանին ինչ-որ պատժամիջոցների տակ գցի, արգելի զենքի գնումը, ապա նման մեխանիզմներ կան: Բայց տվյալ դեպքում չկա նման բան, Ադրբեջանը զինվում է ու այդ սպառազինություններն օգտագործում է նաև Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար»,-ավելացրեց Կարեն Վրթանեսյանը:


Հիշեցնենք, որ Խաղաղության ուսումնասիրության կենտրոնի փորձագետները չեն շրջանցում նաև Բաքվի կողմից ձեռք բերվող զենքի ծագման հարցը՝ գրելով. «Ադրբեջանը սպառազինությունների 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից»:


Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, ի վերջո, եթե Հայաստանը չի առարկում, Ադրբեջանն ու Ռուսաստանը «այլ առարկություններ ընդունելու երևի թե բարոյական իրավունք էլ չունեն»:


Նա հիշեցրեց, որ այսուհանդերձ «Հայաստանի արտգործնախարարը վերջերս սլովենական թերթին հայտարարություն է անում, որ մենք կգերադասեինք, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին»:


Հիշեցնենք նաև, որ երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խնդիրն այն է, որ սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով, և այդ խնդիրը պետք է լուծում ստանա։

 

Ռուբեն Մեհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ դաշնակիցը մի երկրի, որը այդ զենքի վաճառքի հեղինակն է, այն դեպքում, երբ Արևմուտքը էմբարգո է հայտարարել Ադրբեջանին զենք-զինամթերքի վաճառքի առումով: