Բաքվի արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար. Տ. Բալայան

19:40 • 19.03.15

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը։ Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Տիգրան Բալայանը, մասնավորապես, նշել է.

 

«Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին:

 

Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից։

 

Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

 

Սադրիչ գործողությունների հետևանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»: