Լոռու բնակչուհին երկուստեք համաձայնությամբ հանդիպումը ներկայացրել է որպես առևանգում. ՔԿ

16:53 • 19.03.15

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրեն առևանգելու վերաբերյալ Լոռու մարզի բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։


Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերին Լոռու մարզի բնակչուհին ծանոթացել է Ստեփանավան քաղաքի բնակիչ Մալերյանի հետ, որի արդյունքում հաստատվել են սերտ շփումներ։


2015թ. հունվարի 2-ին, երկուստեք համաձայնությամբ, Մալերյանի ընկերոջ ավտոմեքենայով մեկնել են Ստեփանավան։ Երիտասարդները գիշերել են Ստեփանավանում։


Քննությամբ պարզվել է, որ բնակարանում տեղի ունեցած զրույցի ընթացքում աղջիկը պատմել է իր նախկին հարաբերությունների մասին, ապա Մալերյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում ամուսնանալ նրա հետ և ընկերոջ ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է նրա հայրենի գյուղ, որպեսզի ծնողները չանհանգստանան։


Օրեր անց՝ 2015թ. հունվարի 5-ին, կինը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելով սուտ մատնության համար հանցագործության մասին` գրավոր հաղորդում է ներկայացրել, որ, իբրև, հունվարի 2-ին Ստեփանավան քաղաքի 2 բնակիչ, բռնություն գործադրելով, ամուսնության նպատակով իրեն առևանգել են և տեղափոխել Ստեփանավան, որտեղ իր կամքին հակառակ պահել են մեկ օր՝ այդպիսով նրանց մեղադրելով ծանր հանցագործության մեջ:


Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. փետրվարի 16-ին Լոռու բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։


Մարտի 12-ին նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եղրակացությունը հաստատվել է և ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։