Ցեղասպանությունը վերապրածների թոշակը կբարձրացվի 75 000 դրամով
Այսօր Կառավարության հերթական նիստին Կառավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Ըստ որի նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշման 1-ին կետում «քսանհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «հարյուր հազար դրամ» բառերով:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին:










