Մետաղների միջազգային գների կանխատեսումներն այդքան էլ հոռետեսական չեն. էկոնոմիկայի նախարար

15:19 • 19.03.15

Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասելի էր, որ մեր ավանդական շուկաներում տնտեսական ազդեցությունների փոփոխությունները, այնուամենայնիվ,  իրենց ազդեցությունը պետք է ունենային: «Բնական է, որ ժամանակավոր արտահանման նվազում կարող է լինել և առևտրատնտեսական հարաբերությունների որոշակի դանդաղում»,- ասաց նա և նկատեց, որ ընթացքը ցույց է տալիս, որ այդ շուկաներում ճշգրտման գործընթաց է գնում:


Նախարարն ասաց, որ խնդիրը, ոչ թե գների բարձրանալ-իջնելն է, այլ առավել կայուն և հաստատուն իրավիճակի գալն է: «Մեր գործարարների ավանդական գործընկերները ոչ թե ասել են, որ հրաժարվում են հայկական արտադրանքից, այլ խնդրել են սպասել»,- ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին և ինչ-որ չափով Եվրամիությանը:


Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ նաև մետաղների միջազգային գների անկմանը. «Ճիշտ է կա իջեցում, բայց տարվա կտրվածքով ընդհանուր կանխատեսումներն այդքան էլ հոռետեսական չեն»:


Նա նշեց, որ այս պահին կա վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողով, որը ղեկավարում է  փոխվարչապետը: «Հանձնաժողովը կարճաժամկետի և երկարաժամկետի համար մշակումներ է անում, շաբաթական մի քանի անգամ քննարկում է  արժութային և արտաքին տնտեսական հարաբերությունների հարցերն ու այն միջոցառումները, գործողությունները, որոնք Կառավարությունը պետք է իրականացնի` կանխարգելելու դրա հետագա խորացումը կամ առավել վատթար վիճակը»,- ասաց նա և նշեց, որ իր կարծիքով տնտեսական աճի հետ կապված այսօր հոռետեսության հիմքեր չկան: