Ավարտվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը
Մարտի 20-ին Ազգային ժողովում շարունակվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի աշխատանքը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին և հեռանկարներին, քաղաքական զարգացումներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրավունքի գերակայության հարցին, խոսել Հայաստանում ժողովրդավարության վիճակից: Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նկատել է, որ ԵՄ-ի հետ խոր և համապարփակ համագործակցության արդյունքում մեր երկրում տեսանելի են բարեփոխումներ:
Պատգամավորները քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: Պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարևորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր օրակարգի ձևավորումը: Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններն առավել արդյունավետ են լինում, երբ հանդես են գալիս տարածաշրջանի բոլոր պետությունները:
Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրից, նշել է, որ Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների վեց տարիների ընթացքում կատարած աշխատանքը: Պարոն Արզումանյանը, խոսելով շփման գծում ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմի զոհերից և վիրավորներից, նկատել է, որ ադրբեջանական սադրանքներն արտահայտում են ռազմատենչ հռետորաբանություն:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է հավասարապես մասնակցեն բանակցային գործընթացին: Մինչդեռ Ադրբեջանը հաճախ մանիպուլացնում է և հարցն ուղղորդում Հայաստան-Ադրբեջան հարթություն:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատել է, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների: Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ պատգամավորը նշել է, որ Թուրքիան շարունակում ժխտողական քաղաքականությունն արդեն 100 տարի, և խուսափում է առերեսվել իրականությանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Թուրքիան իր քաղաքականությամբ մանիպուլյացիայի է ենթարկում միջազգային հանրությանը: Ըստ նրա՝ հայ-թուրքական արձանագրություններում արձանագրված է, որ Հայաստանը և Թուրքիան ՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ, պարտավորություններ պետք է ստանձնեն՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, խոսելով Հայաստանի նկատմամբ ԵՄ առևտրային քաղաքականության, տնտեսական աճի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ, նկատել է, որ անկախ Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելը, ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ ի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր:
Այնուհետև պատգամավորները քվեարկությամբ ընդունել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ:
Նիստից հետո տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի և Սաջադ Քարիմի մամլո ասուլիսը:










