Հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. Ալ. Արզումանյան

12:28 • 20.03.15

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնահարցից՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ, ցավոք, հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում:


«Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ 6 տարիների կատարած աշխատանքը»,- ասաց նա։


Արզումանյանը խոսելով երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմի ունեցած զոհերի և վիրավորների մասին, հիշեցրեց համանախագահների հայտարարությունը՝ շփման գծում ներխուժումների մասին, որ ադրբեջանական սադրանքներն արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակահայկական կոչերով: Նրանք սպառնում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:


Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը նախորդ տարիների համեմատ՝ 2010-14թթ., 249 տոկոսով ավելացրել է իր սպառազինումը, իսկ զենքի 88 տոկոսը նա ձեռք է բերում ՌԴ-ից:


«Թեև, ինչպես հայտնի է, ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի անդամ, պարտավորված է որևէ կողմի զենք չմատակարարել»,- ընդգծեց նա:


Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խումբն է, դրան հակառակ հայտարարությունները միայն վնասում են խաղաղության գործընթացը. «ՀՀ-ն կողմ է ու հավատարիմ է եղել Մինսկի խմբի գործունեությանը»: