ԵՄ-ի համար հստակ է, թե ինչ է ուզում տեսնել ՀՀ-ում. ՀՀ-ի համար էլ հստակ է՝ շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին ամփոփիչ ասուլիսով հանդես եկան համանախագահներ Սամվել Ֆարմանյանն ու Սաջադ Քարիմը:
«Քննարկումները օրակարգային բոլոր խնդիրների վերաբերյալ ընթացել են փոխըմբռնման ոլորտում, որի ավարտին ընդունել ենք համատեղ հայտարարություն ու առաջարկությունների նախագիծ, որտեղ ներկայացված են մեր առաջարկները Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների, ապա և տարածաշրջանային խնդիրների մասին: ՀՀ-ն հանձնառու է հետայսու ևս խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն դա դիտարկում է որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Սամվել Ֆարմանյանը կարևոր համարեց, որ ներքաղաքական կյանքում տևական ժամանակ քննարկված այն հարցը, թե «Որքանո՞վ հնարավոր կլինի ԵՏՄ անդամ լինելով հարաբերությունները շարունակել ԵՄ-ի հետ», ասաց. «Շատ ուրախալի է արձանագրել, որ եղավ քաղաքական հայտարարություն, որ կողմերն ավարտել են մտքերի փոխանակման փուլը, և հստակ պատկերացում կա, թե որ ոլորտներում է հնարավոր համագործակցությունը ԵՄ-ի հետ»:
Ֆարմանյանը շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը՝ համանախագահ Սաջադ Քարիմին, ընդգծեց, որ վերջինս միշտ կարևորել ու զատել է առաջնային հարցերը երկրորդային հարցերից, և խոսքը փոխանցեց նրան:
Սաջադ Քարիմն իր հերթին արձանագրեց, որ իրոք շոշափելի առաջընթացի շաբաթ է եղել, ԵՄ-ՀՀ և ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների տեսանկյունից:
«Համարում եմ, որ ելնելով արդյունքներից կարող ենք շատ հստակ ուրվագծել երկուստեք մեր անցնելիք ճանապարհը այնքանով։ Այսօր մեզանում շատ ավելի հստակ դարձավ այն շրջանակը, որի ներքո կշարունակեք աշխատել՝ հիմնվելով ՀՀ-ի հետ կառուցողական հարաբերություների վրա»,- ասաց նա:
ԵՄ ներկայացուցիչը նկատեց, թե ԵՄ-ի համար հստակ է, թե ինչ են ուզում տեսնել Հայաստանում: «Ուզում ենք տեսնել, որ ՀՀ-ն կառուցվում է մեր հիմնական արժեքների վրա, այն է՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության և այլն հիման վրա, և մեր տեսանկյունից մենք անում ենք և կանենք ինչ հնարավոր է, որպեսզի ներգրավվեն բոլորը նրանք, ովքեր կիսում են այս ընդհանուր արժեքները»,- ասաց նա:










