Այսօր Երջանկության միջազգային օրն է

11:19 • 20.03.15

Ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Տոնը 2012թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ երջանկությանը ձգտելը բնորոշ է յուրաքանչյուր մարդու:

 

Այս կապակցությամբ РИА Новости լրատվական գործակալությունը հարցում է անցկացրել մի շարք հոգեբանների շրջանում` զրուցելով երջանկության մասին:

 

Ըստ մասնագետների՝ երջանկությունն անորսալի երևույթ է, որն ավելի շատ հատուկ է երեխաներին, քան մեծերին: Սակայն հասուն մարդիկ կարող են հասնել իրական երջանկության` կատարելով հոգևոր բնույթի լուրջ աշխատանք:

 

Հոգեբանների կարծիքով՝ երջանիկ լինելու հարցում մարդուն խանգարում է սեփական անձի ու շրջապատի մշտական վերահսկողությունը, ինչպես նաև նյութական արժեքների վրա ուշադրության կենտրոնացումը:

 

Մասնագետներն ընդգծել են, որ գոյություն ունի երջանկության 2 տեսակ` նյութական և հոգևոր: Նյութական երջանկությունն իր մեջ ներառում է համեղ սնվելու, սեռական հարաբերություններ ունենալու, ուժ և իշխանություն ստանալու ու նմանատիպ այլ գաղափարներ: Մինչդեռ հոգևոր երջանկությունն այն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես հոգի, ծառայում է Աստծուն և զարգացնում հոգին` հասցնելով որոշակի մակարդակի:

 

Փիլիսոփայության տեսանկյունից հոգևոր երջանկությունը շատ ավելի բարձր ու կարևոր է, քան նյութական երջանկությունը: