Միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին. Արծրուն Հովհաննիսյան

21:19 • 20.03.15

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձավ ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի  ձեռնարկած դիվերսիայի առնչությամբ  միջազգային որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։


– Պարո՛ն Հովհաննիսյան, ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի  ձեռնարկած դիվերսիայի առնչությամբ  միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

 

–Ցավոք` միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին` ծուղակն ընկնելով ու տարածելով ապատեղակատվություն: Այս կապակցությամբ պաշտոնապես հայտնում ենք, որ հայկական կողմը, ինչպես միշտ, տվել է ամփոփ և սպառիչ տեղեկատվություն ինչպես մարտական իրավիճակի, այնպես էլ` դեպքի ու սեփական կորուստների վերաբերյալ:

 

– Ինչպե՞ս եք արձագանքում տվյալ լրատվամիջոցների՝ կողմերի կորուստների վերաբերյալ ինֆորմացիայի հրապարակմանը՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշտումների:

 

–Ժուռնալիստական էթիկան պահանջում է, որ տվյալ լրատվամիջոցները կողմերի կորուստների վերաբերյալ ճշտումներ անեն պաշտոնական աղբյուրներից, այլ ոչ թե կուրորեն կրկնեն ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական լրատվամիջոցներին: Այս կապակցությամբ հերթական անգամ ստիպված ենք ընդգծել, որ հայկական կողմը, ավանդաբար բարձր գնահատելով հայրենիքի համար ամեն պահի կյանքը վտանգի ենթարկող իր որդիներից յուրաքանչյուրին, ի տարբերություն «մարտական խնդիրները» քանակի հաշվին և կորուստները հաշվի չառնելու գնով լուծող մեր հարևանների, նրանցից ամեն մեկի կորստին արձագանքում է խորը վշտով ու ափսոսանքով և երբեք չի ուրանա նրանց անունն ու սխրագործությունը: